«Ազատություն» ռադիոկայանը նախօրեին հայտարարել էր կինոռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ այսօր տեղի ունենալիք ֆեյսբուքյան ասուլիսի մասին: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել, որով հրաժարվում է ասուլիսից` ռադիոկայանի նախաձեռնությունը համարելով «ոչ տրադիցիոն», «ցածրորակ էպոտաժ»:
Նկատենք, որ ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսները նոր չեն և Քեշիշյանը դրանց կարող էր ծանոթանալ նախապես` առաջին և երկրորդ` նա, թեև մեր հայրենակիցներից շատերի գնահատմամբ անհաջող ռեժիսոր է, բայց գրագետ մարդ է և լրագրությունից ոչ հեռու ու պետք է ենթադրած լիներ, որ այդ ասուլիսում հնչելու են ամենատարբեր հարցեր մի քանի պատճառներով: Իսկ դրանք շատ են. երկրի հասարակության որոշակի տոկոս չի հավանում իր գործերը, որոշակի տոկոսի մոտ էլ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է բյուջեից ֆինանսավորվող ֆիլմի ռեժիսորը կրկին Հրաչ Քեշիշյանը. մի որոշ տոկոս էլ կարող է հակակրել նրան` քաղաքական հարցերում ձեռնպահ լինելու պատճառով և այլն: Մի խոսքով` որքան բազմաշերտ է հասարակությունը, այնքան հանրային անձին տրվող հարցերը կարող են բազմազան լինել: Օրինակ, օգտատեր Լիլիթ Լալայանը հարցրել է Հրաչ Քեշիշյանին. «Ինչո՞ւ չեք ծառայել բանակում, ո՞ր հոդվածով եք ազատվել ծառայությունից»: Կարծես թե նորմալ հարց է, չէ՞, տղամարդու համար: Նույն հարցը տրվել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ու վերջինս հանգամանալից անդրադարձել էր դրան: Այլ հարց է, թե պատասխանը որքանով էր բավարարել հանրությանը, բայց պատասխան, այնուամենայնիվ, կա: Կամ` Լևոն Մարգարյանը, խոսելով Հրաչի գործունեության մասին, նշել է, որ նրա նկարահանած ֆիլմերն ունեն «ակնհայտ քարոզչական տարրեր»: «Ձեր իրավունքն է լինել իշխանության կողքին ձեր մասնագիտական ընդունակությունների շրջանակում, բայց իրացնելով ձեր ընտրության իրավունքը խնդրում եմ հիշեք, որ ցանկացած պահի իշխանության հետ միասին քննադատվելու եք նաև դուք», -նշել է օգտատերը: Սաթենիկ Հովսեփյանին էլ հետաքրքրել է. «Որ «Նվագախմբի տղաները» ֆիլմը նկարեիք, Նազենիին ո՞ր դերը կտայիք»: Արթուր Մանուկյան անունով օգտատերը հարցրել է. «Հրաչ, իրոք, ի՞նչ կզգայիր, եթե մենք էլ քեզ էն օրը գցեինք, ինչ օրը դու կինոն ես գցում»: Գոհար Հակոբյանի հարցը նույնպես կինոյի շարքից էր. «Դասականներին անդրադառնալիս պատասխանատվության զգացում ունենո՞ւմ եք, և երբևէ մտածե՞լ եք, որ մեկ ուրիշ ռեժիսոր կարող էր Ձեզանից ավելի լավ նկարել՝ նույն գումարով»: Օգտատերը նաև հարցրել է, թե ինչպե՞ս է Քեշիշյանը վերաբերվում քննադատություններին: Այս հարցի պատասխանը ռեժիսորը տվել է իր գրառմամբ` խուսափելով ասուլիսից: Օգտատեր Էլկա Խաչատրյանը կարծես նման ենթադրություն ունեցել է, քանի որ գրել է. «Այս ամենից հետո արդյո՞ք դուք վաղը կգաք հարցազրույցի»: Օգտատերերից շատերն էլ քաղաքական հարցեր են ուղղել Հրաչ Քեշիշյանին` կապված իշխանությունների գործունեության նկատմամբ նրա դիրքորոշման հետ: Գայանե Առուստամյանի հարցը դրանց մեջ ամենադիպուկներից է. «Դուք ապրում եք Լեո-Պարոնյան խաչմերուկում, որտեղ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցան սոսկալի դեպքեր` ռեժիմը գնդակահարեց ցուցարարներին: Ձեր բնակարանը վերջին հարկում է, դուք տեղյա՞կ եք` ձեր տանիքում դիպուկահար եղե՞լ է թե ոչ և չե՞ք ուզում այդ դեպքերի մասին ֆիլմ նկարահանել, ասենք` «Սպանված քաղաքացի» պայմանական վերնագրով, որպես ռեժիսոր ձեզ միայն ձեր հայրենիքի գեղարվեստական անցյա՞լն է հրապուրում, թե՞ իրական ներկայով էլ եք հետաքրքրված»: Եվ վերջապես, Արաքս Մամուլյանի հարցը, որը պետք է Հրաչ Քեշիշյանին մտածելու տեղիք տար. «Ձեր մասնակցությամբ Ֆեյսբուքյան ասուլիսին հարցեր գրողների ճնշող մեծամասնությունը ակնհայտորեն ցույց է տալիս իր բացասական կամ հեգնական վերաբերմունքը ձեր նկատմամբ: Ըստ ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված»:
Սակայն Քեշիշյանն այս ամենի մասին փոխանակ մտորելու և փորձելու ասուլիսն օգտագործել հանրության մտայնության մեջ իր մասին եղած կարծիքը խմբագրելու (ի վերջո, փորձը փորձանք չէ), նախընտրել է փախուստը իրականությունից: «Որպես հրավիրյալ, իրավունք եմ ինձ վերապահում չգնալ մի տեղ հյուր, ուր անցնում են ուրիշի ազատության սահմանը։ Հորդորում եմ իմ բոլոր ընկերներին հրաժարվել նմանատիպ ինտերվյուների հրավերներից։ Ես բոյկոտում եմ այն լրագրությունը, որը հիմնվում է հարգանքի դիֆիցիտում ծնված ու անդաստիարակության մթնոլորտում մեծացած մի քանի այսպես ասած օգտատերերի ակտիվության վրա։ Իմացեք ձեր տեղն ու եթե ձեր խիղճն ու վաստակը թույլ տա, փորձեք ապրել խաղաղությամբ», -գրել է նա:
Հարց. ի՞նչն է բոյկոտում Հրաչ Քեշիշյանը: Օգտատերերի հարցերի գերակշիռ մասը Քեշիշյանի գործունեության, հասարակական-քաղաքացիական դիրքորոշման հետ են կապված, որոնց պատասխաններն իմանալու իրավունք ունի հանրությունը: Գուցե Քեշիշյանը իրեն արտոնյա՞լ է համարում, անսխալակա՞ն, տաղանդավո՞ր և հասարակությանը պարզաբանումներ տալու անհրաժեշտություն չի տեսնում: Իսկ ո՞վ է Հրաչ Քեշիշյանն ընդհանրապես, համաշխարհային կինոյում ի՞նչ տեղ է զբաղեցնում նա. իսկ հայ դասական կինոյո՞ւմ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ